Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2015-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 0,8 տոկոս, իսկ հաջորդ երկու տարիներին կկարգավորվի՝ 2016-ին հասնելով 2,7 տոկոսի, 2017 թ.՝ 3 տոկոսի: ՀԲ-ի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսության աճը 2015-ին կվատթարանա՝ 3-ից հասնելով 2,8 տոկոսի:
Զեկույցի հեղինակները դա բացատրում են նավթի գների անկման և զարգացող տնտեսությունների համար վարկերի արժեքի բարձրացման ազդեցություններով: Վարկերի արժեքի բարձրացումը Համաշխարհային բանկը կապում է ամերիկյան դաշնային պահուստային համակարգում տոկոսադրույքների բարձրացման հետ։ «ԱՄՆ-ում տոկոսադրույքների ակնկալվող բարձրացումն առաջիկա ամիսներին կհանգեցնի ձևավորվող շուկայական տնտեսությամբ երկրների և զարգացող երկրների համար վարկերի թանկացմանը»,- բացատրվում է հաղորդագրությունում: Համաշխարհային տնտեսության անկումը վերլուծաբանները կապում են նաև աշխարհաքաղաքական գործընթացների հետ: «Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը նավթի գների անկման և աշխարհաքաղաքական լարվածության հետևանք է: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում դա պայմանավորված է նաև անուղղակի ազդեցություններով, այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակով»,- նշվում է զեկույցում:
ՀԲ-ի վերլուծաբանների գնահատականով՝ տնտեսական աճի տեմպերը զարգացող երկրներում այս տարի կլինեն 4,4 տոկոսի մակարդակում, 2016 թ. այդ ցուցանիշը կհասնի մինչև 5,2 տոկոսի, իսկ 2017 թ.՝ 5,4 տոկոսի: Համաշխարհային բանկը նվազեցրել է նաև Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսումները: Վրաստանի համար 2015 թվականին կանխատեսվել է 2 տոկոս աճ 2014 թվականի՝ 4,8 տոկոսի փոխարեն, իսկ Ադրբեջանում 1,5 տոկոս աճ՝ նախորդ տարվա 2,8 տոկոսի փոխարեն:
ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստանի համար Համաշխարհային բանկը կանխատեսել է ՀՆԱ 2,7 տոկոսի անկում` 2014-ի 0,6 տոկոս աճի փոխարեն, Բելառուսի համար` 3,5 տոկոս անկում՝ նախորդ տարվա 1,6 տոկոս աճի փոխարեն, իսկ Ղազախստանում 1,7 տոկոս աճ՝ 2014 թվականի 4,3 տոկոս աճի փոխարեն: